10:50   18-10-2021
Վրաստանը հայտարարել է COVID-19-ի նոր բռնկման մասին
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի 5-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում համաճարակային իրավիճակը վատացել է 3 տարածաշրջաններում, որտեղ պատվաստման մակարդակը համեմատաբար ցածր է։ Իրավիճակն առավել լավ է Աջարիայում և Թբիլիսիում, որտեղ մարդիկ առավել ակտիվորեն են պատվաստվում։

Գամկրելիձեն նշել է, որ պանդեմիան կանգնեցնել կարող է միայն պատվաստումը։ Նա կոչ է արել պահպանել կարանտինային բոլոր սահմանափակումները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդաշատ վայրերից։

«Պատվաստվել է մեկ միլիոն մարդ, սակայն պետք է առնվազն ևս մեկ միլիոնին պատվաստել՝ հանգիստ Ամանոր դիմավորելու համար»,-ասել է նա՝ նախազգուշացնելով, որ 5-րդ ալիքը ծանր կլինի։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 662 334 դեպք, մահացել՝ 9 468 մարդ։ Ներկայում երկրում կա 40 385 ակտիվ դեպք։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ երկրում կատարվել է 1 899 938 պատվաստում, լիարժեք պատվաստվել է 892 410 մարդ՝ բնակչության 31,2%-ը։

Loading...