16:23   24-10-2021
Բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները
Թողնել մեկնաբանություն

Այսօր հայտնի է դարձել, թե ինչպես են բաշխվել Գյումրիի ավագանու 33 մանդատները ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 կուսակցությունների միջև։

Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել ընտրությունների արդյունքների ամփոփման օրակարգով։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի քաղաքային իշխանությունը կձևավորեն 5 կուսակցություններ` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Մանդատների հաշվարկը կատարվում է հատուկ բանաձևով, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը։ Ըստ այդմ՝ «Բալասանյան դաշինքը», որը ստացել է ձայների մեծամասնությունը ստանում է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 մանդատ , ՀՀԿ-ն՝ 2 , «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։ Սա նշանակում է, որ ոչ մի ուժ միանձնյա քաղաքապետ ընտրել չի կարող։ Ուժերը կազմելու են կոալիցիա:

Ամենաշատ ձայներ, հետևաբար, նաև մանդատներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը կոալիցիա կազմելու առաջարկ է արել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը. առաջարկը, սակայն, դեռ անպատասխան է:«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության շտաբի ղեկավար Արման Շաբոյանը լրագրողներին ասել է, որ իրենք դեռ քննարկումների մեջ են, և առաջիկայում կհրապարակեն որոշումը:

«Ապրելու երկիր» կուսակցությունը մերժում է որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու գաղափարը, ՀՀԿ -ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, բացի ՔՊ-ից, իսկ վերջինիս ներկայացուցիչը մեկնաբանություներ չի տվել:

Գյումրիի նոր քաղաքապետն ընտրվելու է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին։

Loading...