09:40   14-01-2022
Image Description
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ նախագահությանն Ադրբեջանի սադրանքների դադարեցման գործուն միջոցներ ձեռնարկելու կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 13-ին տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրել է լեհական նախագահության առաջնահերթությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների:

«Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ ինքնիշխան տարածք 2021թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի արդյունքում զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը:

Ընդգծվեց, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը»,,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով:

Նշվում է, որ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:

«ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն:

Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Loading...