16:56   20-01-2022
Մարտունիում ներկայացվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

 Մարտունու համայնքապետարանում  կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը, որն իրականացվում է  Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրը ներկայացրել են «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ  նախագահ Անահիտ Գեւորգյանը եւ «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։

Հանդիպման ավարտին փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրել է նաեւ «Էկոլոգիական եւ սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման ձեւաչափը, որի միջոցով առաջիկայում իրականացվելու են ուսումնասիրությունները։

«Այս ծրագիրն ուղղված է ՀՀ Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի 6 համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը։ Ծրագիրը կնպաստի համայնքներում էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը եւ նվազեցմանը, տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը, ՏԻՄ-երի եւ բիզնեսի գործունեության թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը եւ կանաչ տնտեսության զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր հորիզոններ», «ԷկոԼուր» եւ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործըկներությամբ: Այն  իրականացվելու է Լոռու մարզի Ախթալա եւ Օձուն, Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան, Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն համայնքներում, որոնք կրում են հանքարդյունաբերության, փոքր հիդրոէներգետիկայի եւ այլ ոլորտներից բխող բացասական ազդեցությունը: Համայնքները չունեն մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն եւ դրա մշակման համար արդյունավետ գործիքներ, հնգամյա զարգացման ծրագրերում բացակայում է սոցիալ-էկոլոգիական զարգացման բաղադրիչը: Համայնքներում էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը ցածր է: Պահանջատեր չեն բիզնեսի՝ սոցիալ-էկոլոգիական պարտավորությունների կատարման նկատմամբ, չնայած՝ կրում են սոցիալական բարեկեցիկ կենսապայմանների ու տնտեսական գործունեության վրա լուրջ ազդեցություն:

Նպատակներին հասնելու համար նախատեսվում է ստեղծել համայնքների սոցիալ-էկոլոգիական ռիսկերի, խնդիրների եւ առաջնայնությունների տվյալների հավաքագրման եւ կարիքների վերհանման ձեւաչափ, որը կկիրառվի համայնքներում սոցիալ-էկոլոգիական տվյալների բազայի ստեղծման համար: Այս բազայի հիման վրա յուրաքանչյուր համայնքի համար կմշակվի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն: Այս գործընթացում կներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ ՏԻՄ-երը, քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունը, պետական կառույցները, բիզնեսը, ԶԼՄ-ները»,- նշեց «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։:

Ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության  եւ «ՍՈՍԵ. կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության  համատեղությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ եւ օժանդակությամբ:

Loading...