17:04   20-01-2022
Հայաստանում ամբողջական պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 805 հազար 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ ստացել է 987 հազար 84 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը:

«Վերջին շաբաթվա ընթացքում նաև ակտիվացել է խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Հիշեցնեմ, որ խթանիչ դեղաչափով պատվաստում իրականացվում է երկրորդ դեղաչափից  6 ամիս հետո: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պայքարի դեմ նույնպես պատվաստումն է, որն իր դերն իրականացնում է` ծայրահեղ ծանր, մահացության դեպքերի ռիսկը նվազեցնելու առումով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ օմիկրոնն աչքի է ընկնում  վարակելիությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիք, ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի զգալի աճ է գրանցվում:

«Վերադառնում ենք տագնապային վիճակին: Արձանագրեմ, որ բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են մեր սահմանափակումներին, որևէ հիմք չունեն: Անդրադառնամ այն դիտարկումներին, որ ասում են, թե բիզնեսն այդքան տուժել է ու նորից սահմանափակումներ եք մտցնում: Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարել, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունի: Ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահամանափակումների իրագործմանը տեսչական մարմինները ամենայն խստությամբ հետևելու են, խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading...