17:17   20-01-2022
Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում 2021 թվականի վեց ամսում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության կողմից արձանագրվել է ոստիկաններին կաշառք տալու 4 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

«Բոլոր դեպքերով հարուցվել է քրեական գործ: Երեկ մենք ունեցանք նոր թարմ դեպք: Երևան քաղաքի Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-ասաց Վահե Ղազարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Պարեկային ծառայության ոստիկանները իրենց արդյունավետ աշխատանքի համար խրախուսվում են: Նա տեղեկացրեց, որ ներկայում ընթացքի մեջ է և առաջիկայում Շիրակում ու Լոռիում կլինի Պարեկային ծառայություն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ էլ դժվարություններ կան, սակայն հետևողականորեն առաջ են գնալու:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ պետք է արձանագրել մի կարևոր հանգամանք՝ Պարեկային ծառայության որակը փոխվել է:

«Բացի այն ցուցանիշներից, որ կան, արձանագրենք հետևյալը, կա լրջագույն բովանդակություն: Այն ունի լրջագույն կանխարգելիչ բաղադրիչ: Ծառայությունում շատ կարևոր ենթակառուցվածքային լուծում է տրվել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Մհեր Գրիգորյանի դիտարկումները, նշեց, որ այդ ամենը հաշվի առնելով, խնդիր է դրված ավելացնել ծառայության խտությունը: Այնպիսի ռեսուրսներ լինեն, որ ոստիկանները հաճախակի բակեր մտնեն, մանավանդ, բնակարանային գողության մեծ խնդիր կա, նման գործերի բացահայտման տոկոսն էլ ցածր է:  

Loading...