16:25   21-01-2022
Image Description
Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները. քննարկում գործարարների հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը, պետական հատվածի և գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտում հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, Հայաստանի և Չինաստանի միջև գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։  

Մասնակիցները նշել են, որ չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական արտադրանքի իրացման տեսանկյունից և պետության ու մասնավոր հատվածի համատեղ ջանքերով հարկավոր է ակտիվացնել հայ-չինական փոխգործակցությունը։

Այնուհետև քննարկվել են դեպի չինական շուկա հայկական արտադրանքի արտահանումներն ավելի արդյունավետ կազմակերպելու, արտահանման ծավալներն ավելացնելու հնարավոր տարբերակները։

Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները համակարծիք էին, որ հարկավոր է բարձրացնել չինական շուկայում Հայաստանի գրավչությունը։ Հայաստանն ու հայկական արտադրանքը ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընդգծվել է Չինաստանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներում և էքսպոներում հայկական ընկերությունների մասնակցության և տնտեսության վերաբերյալ ճանաչողական հոլովակների պատրաստման և չինական լայն հանրությանը ներկայացման անհրաժեշտությունը։

Զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի ակտիվացնելու նպատակով դիտարկվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։ 

Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են չինական շուկայում հայ արտադրողների խնդիրներն ու խոչընդոտները, լսել առաջարկներ դրանց կարգավորման ուղղությամբ։

Loading...