17:22   24-01-2022
Եվրոպայում կարծիքները տարբեր են հակառուսական պատժամիջոցների հարցում
Թողնել մեկնաբանություն

Բրիտանական իշխանությունները վախենում են, որ Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Մոսկվային կդրդի պատասխան քայլի, որը կարող է վերաբերել Եվրոպա գազի մատակարարման կրճատմանը: Այդ մասին հաղորդում է Times թերթը՝ հղում անելով Թագավորության կառավարության աղբյուրին:

Ըստ թերթի՝ Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ենթադրում են, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում Մոսկվան կարող է օգտագործել եվրոպական երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և կտրուկ նվազեցնել կապույտ վառելիքի մատակարարումն այդ երկրներ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ չի բացառել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ծանր հետևանքներ կունենան Գերմանիայի վրա:

Ըստ նրա՝ անհրաժեշտության դեպքում պետք է գործել համաչափ։ «Պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ամենամեծ ազդեցությունը կունենան մեր սկզբունքները խախտողների վրա»,- ասել է կանցլերը։

Շոլցը նաև հաստատել է Բեռլինի դիրքորոշումը, ըստ որի՝ Մոսկվան խստորեն կպատժվի Ուկրաինայի  նկատմամբ ագրեսիայի դեպքում:

Քաղաքական գիտությունների դոկտոր, ֆրանսիական հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էրիկ Դենեսեն Atlantico-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունն անվանել է «ինքնասպանություն»։

Ըստ քաղաքագետի՝ ուկրաինական հարցում Ռուսաստանի հաստատակամ դիրքորոշումը ստիպեց ամերիկացիներին և ՆԱՏՕ-ին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Նրանք ուշ հասկացան, որ չեն կարող ստիպել Մոսկվային նահանջել, և որ իրենք պատասխանատվություն են կրելու հակամարտության համար, որից չեն կարող հաղթանակած դուրս գալ»,- ասել է Դենեսեն։

Loading...