17:24   24-01-2022
Շողակաթում 10 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային երկու կայան է կառուցվում
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք եւ Շողակաթ բնակավայրերի տարածքներում 10 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային երկու կայան է կառուցվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, կայանները պատրաստ կլինեն շահագործման 2022 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում։

«Այս պահի դրությամբ Շողակաթում գործող եւ ընդհանուր ցանցին միացված արեւային ֆոտովոլտային կայանների հզորությունը կազմում է 34 մեգավատտ։ Աղբերքի եւ Շողակաթի կայանների շահագործման դեպքում արդեն կունենանք 44 մեգավատտ ընդհանուր հզորության կայաններ։ Բացի այդ, նախագծման փուլում են 18 մեգավատտ հզորության եւս 4 կայաններ, որոնց շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի այս տարվա ընթացքում։ Աղբերքի եւ Շողակաթի կայանների շինարարության ընթացքում բացվել են 140-150 ժամանակավոր աշխատատեղեր, իսկ կայանների շահագործումից հետո կբացվեն 15-20 մշտական աշխատատեղեր»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Loading...