14:54   23-03-2022
Քննարկվում է, որ ՀՀ արտահանողները կարողանան դրամով գնանշել իրենց ապրանքները ռուս գործընկերների մոտ. Քերոբյան
Թողնել մեկնաբանություն

Ռուս-ուկրաինական հայտնի իրադարձությունների հաջորդ օրվանից լուրջ աշխատանք ենք կատարում արտահանողների հետ՝ հասկանալու նրանց խնդիրները և լուծում տալու դրանց: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն, որովհետև Այն պայմանագրերը, որոնք ԱՄՆ դոլարով էին, վճարման հետ կապված դժվարություններ կան, այն պայմանագրերի դեպքում, որոնք ռուբլով էին, դեբիտորական պարտքի էական արժեզրկման կապակցությամբ արտահանողներն ընկել են դժվար դրության մեջ: Եվ մենք Կառավարության որոշման նախագծով փորձելու ենք «թթվածին» տալ արտահանող ընկերություններին, որպեսզի իրենք կանխիկ հոսքերի ժամանակավոր խզումը կարողանան լուծել»,- ասաց Քերոբյանը:

Խոսելով արտարժույթի մասին՝ Քերոբյանը նշեց, որ Հայաստանից արտահանողների մեծ մասը ռիսկեր են տեսնում ռուսական ռուբլով արտահանումներ իրականացնելու հարցում:

«Այսօր Հայաստանի ԿԲ-ն, ՌԴ մեր գործընկեր նախարարությունները և ԿԲ-ն միասին աշխատում են, որ կարողանանք ռուբլի-դրամ սվոփ կնքել, որի արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքները ռուս գործընկերների մոտ, և ապրանքը վաճառել դրամով, որը մեզ համար ավելի հասկանալի արժույթ է: Դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ որոշ որոշումներ ուժի մեջ կմտնեն»,- ասաց նախարարը:

Loading...