Թափառող սյուժե է առևտրականի շորեր հագնող և երկրում իրավիճակը պարզելու համար մարդամեջ իջնող թագավորի պատմությունը: Մեր գրականության մեջ այդ մոտիվը Թումանյանի «Թագավորն ու չարչին» ստեղծագործության մեջ է ամփոփված: Բայց անգամ Թումանյանը, որն իրապես մարգարե էր, իր համարձակ երևակայությամբ դժվար թե պատկերացներ, որ կգա մի օր, երբ թագավորին կերպարանափոխվել ու առևտրականի շորեր հագնել պետք չի լինի , որովհետև թագավորն ինքը հաջողակ առևտրական է: Այսինքն, քաղաքական ընտրանին ու բիզնես ընտրանին միևնույն մարդիկ են: 19-րդ դարում դաստիարակված մարդու համար իշխանությունն ու առևտուրը անհամատեղելի էին, բայց ահա 21-րդ դարում «Թագավորն ու չարչին» վերնագիրը միանգամայն այլ կերպ է ընթերցվում: