15:30   13-05-2022
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Վաշինգտոն այցելությունից օրեր առաջ երկրի խորհրդարանը հավանություն է տվել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի թարմացմանն ու վերանայմանը, հայտնում է Greek City Times-ը։

Միցոտակիսը նախատեսում է երկուշաբթի Սպիտակ տանը հանդիպել նախագահ Ջո Բայդենի հետ, երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Ուկրաինայի պատերազմը, էներգետիկ ճգնաժամը և Միջերկրական ծովում լարվածությունը:

ԱՄՆ-Հունաստան փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը (MDCA), որն առաջին անգամ ստորագրվել է 1990 թվականին, թույլ է տալիս ամերիկյան ուժերին վերապատրաստվել և գործել հունական տարածքում:

Վերջին փոփոխությունը, որը համաձայնեցվել է 2021 թվականին, ընդլայնում է գործընկերությունը՝ թույլ տալով ԱՄՆ ուժերի ներկայությունը ևս չորս ռազմական տարածքներում, ներառյալ երկու բանակային ճամբարները Կենտրոնական և հյուսիսային Հունաստանում և ռազմածովային բազան Կրետե կղզում:

Մայիսի 12-ին Վաշինգտոնը պաշտոնական հարցում էր ուղարկել Հունաստանի կառավարությանը՝ Կրետե կղզում F-35 և F-15 ինքնաթիռներ տեղակայելու համար։ Այս տարածքում են գտնվում հունական բանակի մի քանի ռազմական օբյեկտներ, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկը։

Loading...