17:52   16-05-2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական եւ հարուստ ավանդույթների վրա. ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը մայիսի 16-ին Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջությանն առնչվող ծրագրերի:

Ալի Ռեզա Նազիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ փոխվստահության եւ դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: «Ես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան»,- ասել է նա:

Միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի խորհրդարանի առանցքային դերակատարությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերը:

Loading...