19:46   19-05-2022
Image Description
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը
Թողնել մեկնաբանություն

2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարեւոր նախագիծը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը` ապահովելով որակական նոր շեմ, տեղեկացնում է ԱԺ կայքը։

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքն ընդունվել է դեռեւս 2004 թ., որից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի են ունեցել թե’ հասարակությունում, թե’ միջազգային պրակտիկայում ու ստանձնած պարտավորություններում եւ թե’ իրավական հայեցակետերում: Ըստ այդմ` առաջացել էր անհրաժեշտություն ունենալ քրեակատարողական նոր օրենսգիրք, որով կհաղթահարվեն առկա հակասությունները, կլրացվեն բացերը` ապահովելով նորարար մոտեցումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ` նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատականացված աշխատանք: Նորարարությունն այն է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, եւ ըստ այդմ` երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, եւ կիրականացվեն թիրախային միջոցառումներ: Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին եւ բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաեւ պատժի կրման մեղմ եւ խիստ ռեժիմներ:

Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Զարուհի Բաթոյանի հարցերին ի պատասխան` Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարզաբանումներ դատապարտյալների բժշկական օգնության եւ սպասարկման, դատապարտյալների առողջության պահպանմանը միտված ծառայությունների կարգավորումների վերաբերյալ:

Արփինե Սարգսյանը, տեղեկացնելով, որ ՀՀ-ում չկա անչափահաս դատապարտյալ, նշել է, որ նոր օրենսգրքի նախագծով անչափահասների պատժի կրման համար հատուկ վերականգնողական պայմաններ պետք է լինեն: Հստակ նախատեսված է, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի անչափահասների նկատմամբ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ապահովում են որակյալ սննդով: Կարեւորելով նոր օրենսգրքով ներկայացված ռազմավարական եւ հայեցակարգային փոփոխությունները` նա նշել է, որ նախատեսվում են առանձին աշխատանքային քննարկումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները` առավել ժամանակակից քրեակատարողական համակարգ ունենալու համար: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:

Loading...