17:38   26-05-2022
Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համար մեծ հնարավորություն է. Քերոբյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի զգալի մասի ձեռքբերումը դրական է գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Քերոբյանը նշեց, որ Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայի ամենաակտիվ ու ամենակայացած բորսաներից է:

«Իրենց փորձի ներդրումը հայկական կապիտալի շուկայում անգերագնահատելի է: Կարծում ենք, որ նրանց գալը մեծ օգուտ կտա մեր կապիտալի շուկայի զարգացմանը: Մենք արդեն տեսնում ենք մասնավոր ընկերությունների կողմից զգալի հետաքրքրություն կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ»,-ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ մինչև 2018 թվականը Հայաստանում մատերի վրա կարելի էր հաշվել ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների, որոնք աշխատում են թափանցիկ և եկամտաբեր: Ընդունված բիզնես մոդելը մինչև հեղափոխությունը հարկերը խնայելու միջոցով եկամուտներ գեներացնելն էր: 2018-ից ընկերությունները, թափանցիկ աշխատելով, շահութաբեր աշխատելու լայն հնարավորություններ ունեն:

«Չեմ կարող ասել, որ ամբողջովին դարձել է թափանցիկ, բայց մենք տեսնում ենք, որ այն ընկերությունների քանակը, որոնք պատշաճ աուդիտ են անցնում, էապես մեծանում է: Դա հենց այն ընկերությունների բազան է, որոնք պետք է լինեն կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցները»,-ասաց նախարարը:

Loading...