12:51   30-05-2022
Image Description
Հայ ժամանակակից գրող Գրիգը «Հիսուսի կատուն» գրքի համար արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին
Թողնել մեկնաբանություն

Հայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը) իր «Հիսուսի կատուն» գրքի համար գերմանական Քոբուրգ քաղաքի Էրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում արժանացել է գերմանացի բանաստեղծ, լեզվաբան և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակ են ստացել նաև գրքի թարգմանիչները՝ Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը:

Միջոցառման ընթացքում Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարմամբ հնչել է հայկական երաժշտություն:

Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը, Ֆրիդրիխ Ռյուկերտի ժառանգը՝ Կլաուս Ռյուկերտը, և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Մրցանակաբաշխությունից առաջ Գրիգը հյուրընկալվել է Ռյուկերտի տուն-թանգարանում և թանգարանին հանձնել Ռյուկերտի՝ Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված «Մի երգ կա մանկուց…» բանաստեղծության ձեռագրի պատճենը, որը տրամադրել է Հովհաննես Թումանյանի թանգարանը:

2021 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել էր գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում:

Loading...