Անձի անձեռնմխելիությունը մարդու հիմնական և անօտարելի իրավունքներից է, բայց դեռ ոչ Հայաստանում: Տարիներ շարունակ այն ոտնահարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Անհիմն կալանավորումներ, ոստիկանական պատի տակ կասկածյալների նվաստացուցիչ նկարահանումների հանրայնացում,անձնական, ընտանեկան տվյալների հրապարակում: Ինչպե՞ս վերականգնել ոտնահարված անձեռնմխելության իրավունքը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այսօրվա հյուրը փաստաբան Կարեն Մեժլումյանն է:
- Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք անձի անձեռնմխելիության մասին: Այս թեմային նախկինում էլ անդրադարձել ենք, բայց քանի որ չկային հանգամանքներ, հասարակության ուշադրությունն այդքան էլ սևեռված չէր: Այսօր շատերին հետաքրքիր է՝ ինչ է ենթադրում անձի անձեռնմխելիությունը, ում վրա է տարածվում, և անպայման կուզեմ, որ անդրադառնանք Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելուն, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքից հետո այլ անձանց վրա անձի անձեռնմխելիության տարածմանը: Մի փոքր խոսենք, թե ինչ է անձի անձեռնմխելիությունը, ովքեր կարող են օգտվել, և այսօր ՀՀ-ում որ թիրախային խումբն է՝ եթե այդպիսին առկա է, որը չի կիրառում իր անձի անձեռնմխելիության իրավունքը: Զարուհի Մեժլումյանը ցմահ դատապարտյալների մասին էր խոսում և ասաց, որ, օրինակ, Քոչարյանի հանդեպ օրենքի այդ դրույթը կիրառվեց, իսկ ցմահ ազատազրկվածների կամ մյուս դատապարտյալների դեպքում արդարադատությունը, օրենքի այդ դրույթը հավասարաչափ չի կիրառվում:
- Անձի անձեռնմխելիությունը վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ ազատության, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և արժանապատվության, բարի համբավի անձեռնմխելիությանը: Այսինքն՝ անձն ունի բազմաթիվ «բնական» իրավունքներ, որոնք անձեռնմխելի են և որևէ դեպքում չպետք է սահմանափակվեն առանց օրենքի միջամտության, օրենքով նախատեսված դեպքերի, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի կարող սահմանափակվել, ինչպես, օրինակ, արժանապատվությունը, որը ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել կամ դրանից հետ նահանջ լինել: Եթե, «եթե»-ով եմ ասում, ինչ-որ անձանց նկատմամբ որևէ դրույթ չի կիրառվել, չի նշանակում, որ մյուսի նկատմամբ էլ չի կարող կիրառվել. նկատի չունեմ ընդհանրապես Քոչարյանին և ցմահ ազատազրկվածներին: Ամեն դեպքում այն ինֆորմացիան, որ մեզ հասանելի էր, Քոչարյանի դեպքում Սահմանադրության այն դրույթն էր կիրառվել, որն ասում է՝ իմունիտետի երաշխիք: Ցմահների դեպքում, հավանաբար, իմունիտետի մասին խոսք չի գնում, այլ այն մասին, որ երբ տվյալ պահին որպես պատժի տեսակ եղել է մահապատիժ և, օրինակ, 15 տարի ազատազրկում, արդյոք կարո՞ղ էր պատիժը փոխարինվել մեկ այլ պատժի տեսակով՝ ցմահ ազատազրկմամբ, որն այդ ժամանակ չի եղել: Խոսքն այդ մասին է, այսինքն՝ առաջին հայացքից եմ սա ասում, քանի որ չեմ լսել Զարուհի Մեջլումյանի խոսքը և հիմնավորումները, միգուցե այլ հիմնավորումներ էլ ունի, որ այդ տրամաբանական կապը տալիս է:
- Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում Մանվել Գրիգորյանի դեպքն է, և շատ է քննարկվում այն, որ ոտնահարվել է նրա անձեռնմխելիությունը: Իրավական տեսանկյունից Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, և պետական մարմիններն ի՞նչ պետք է անեն այդ դեպքի կապակցությամբ:
- Ինձ թվում է՝ պետք է շատ լուրջ քննություն կատարվի: Ես գտնում եմ, որ այո, մասնավորապես նրա մասնավոր կյանքի այդ իրավունքը՝ անձեռնմխելիությունը, խախտվել է, որովհետև դա մի կողմից նաև բնակարանի անձեռնմխելիության աղերսներ կարող է ունենալ, որովհետև եթե ինչ-որ խախտում կա, ՔԿՀ աշխատակիցները կարող են մուտք գործել նաև այդտեղ և որոշակի միջոցառումներ կիրառել: Մյուս կողմից ես դա տեսնում եմ որպես անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում. անձը մի փակ վայրում նստած է և գիտե, որ իրեն չեն կարող նկարել, դրա հետ կապված որևէ գործողություն անել, բայց նրան մի այնպիսի վիճակում են նկարում և տարածում, որ ցավալի է: Դա, կարծում եմ, իրավունքի խախտում է:
- Մենք հաճախ լրատվամիջոցներում հանդիպում ենք մարդկանց, որոնց կյանքի մասին «մեր տեղեկություններն» ենք հրապարակում: Այսինքն՝ մեր տեղեկություններով այս մարդը սրա սիրուհին է, այն մարդն ունի այսքան գումար, կամ ԱԱԾ-ն մարդու տունը նկարահանում է և հրապարակում, վթար է տեղի ունենում, սպանություն, դժբախտ պատահար, ինքնասպանություն, որը ոստիկանությունը հրապարակում է: Որքանո՞վ է այդ հրապարակումը ճիշտ օրենքի տեսանկյունից: Ասենք՝ ինքնասպանություն է տեղի ունեցել, և ընտանիքի անդամները չեն ցանկանում հրապարակել, որ ընտանիքում խնդիր է եղել, որն այդ ինքնասպանության պատճառ է դարձել: Իսկ լրատվամիջոցներին նյութերը տրամադրում է ոստիկանությունը. ի՞նչ նպատակ կարող է ունենալ այդչափ լուսաբանումը: Այս դեպքում անձեռնմխելիության շրջանակներն անցնում է պետական մարմինը՝ ինչո՞ւ: Արդյո՞ք այս դաշտը՝ անձի անձեռնմխելիությունը, հստակ ունի իրավական բոլոր սահմանումները, և մենք ունենք իրավակիրառ պրակտիկայի խախտո՞ւմ, թե՝ օրենքի բացթողումներ այս ոլորտում:
- Միգուցե օրենսդրական բացթողում լինի կամ չլինի, բայց կիրառումն է տարբեր: Օրերս մի նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, որ ինչ-որ անձի կալանքի հետ կապված հանդիպում է եղել դատավորի և նախկին պաշտոնատար այլ անձանց միջև, քննարկել են, թե ինչ պետք է անեն, և այդ խոսակցությունն էր տեղադրված էլեկտրոնային կայքում: Հետո գովազդի հատված էր գնում, որի ներքևում գրված էր. «Զանգեցինք, կապ հաստատեցինք այդ դատավորի հետ, նա ասաց, որ ընդհանրապես հանրապետությունում չի եղել»: Այդպիսի բան գոյություն չի ունեցել: Մյուս «զրուցակիցը» նույնպես հանրապետությունում չի եղել մեկ ամսից ավել: Այսինքն՝ ինչ-որ պատմություն էր գնում, խոսակցություն, որը տեսաձայնագրել էին, բայց այդ մարդն ասում է, որ այստեղ չի եղել, նման բան, բնականաբար, տեղի չի ունեցել, Այսինքն՝ լինում են ինչ-որ հորինվածքներ, որը շատ է արժեզրկում այդ նյութը, նաև նստվածք է թողնում: Ամեն ինչ, ամեն դեպքում, որոշակի նստվածք թողնում է, և մեր դատական համակարգի վրա է այդ նստվածքը մնում ու դրանով նսեմացվում, արժեզրկվում է այդ համակարգը: Կար ժամանակ, երբ վթարների, սպանությունների դեպքերում մարդկանց դեմքն էլ էին ցույց տալիս, լուսանկարները, տեսագրությունները: Հիմա որոշակի լուծում, առաջընթաց այդ հարցում կա՝ դեմքը փակում են, երևի հասկացան, որ պետք չէ: Ցավալի է, երբ ոստիկանությունն է, անձանց կարծիքը չհարցնելով, տեսագրում, հրամայական տոնով խոսեցնում, այդ տեսագրությունը դնում, որովհետև դա ոչ միայն անձի անձեռնմխելիության, այլև անմեղության կանխավարկածի խախտում է, որովհետև ցույց են տալիս, որ բացահայտվել է հանցագործություն, որը կատարել է այսինչ անձը, բայց դատավճիռը դեռ չկա: Այդ անձին ընկճված, պատի տակ կանգնած տեսանկարահանում, ցույց են տալիս. դա ոչ միայն անմեղության կանխավարկածի, ինչ-որ տեղ նաև արժանապատվության խախտում է, որովհետև շատ վատ, բացասական է վերաբերմունքը: Մենք գործ ենք ունեցել, որ անձին տեսագրել, հրապարակել, ցուցադրել են «02»-ով, բայց այդ անձն արդարացվել է: Նա ալիբի ուներ՝ այդ պահին աշխատանքի է եղել և այնպիսի տեղ էր աշխատում, որ տեսագրվում էր: Պետք է շատ զգույշ լինել: Հանրային պահանջարկ էլ կա, հատկապես, երբ մեծ սպանություններ կամ աղմկահարույց դեպքեր են լինում: Երբեմն անհրաժեշտ է բացահայտել, թե ինչու է դա տեղի ունեցել, որովհետև կարող են շատ այլ տեղեկություններ, լուրեր տարածվել, որն իրականությանը չի համապատասխանում. իրականում կենցաղային հողի վրա է տեղի ունեցել, բայց կարող է պատվիրված սպանություն լինել: Որոշ դեպքերում պետք է նաև բացահայտել, որպեսզի մարդիկ խուճապի չմատնվեն:
- Օրենքն ի՞նչ է ասում, կարո՞ղ է, արդյոք, նման իրավիճակում հայտնված քաղաքացին դատի տալ որևէ կառույցի, ոստիկանությանը կամ լրատվամիջոցին և պահանջել փոխհատուցում, ներողություն, հերքում: Ես հիշում եմ, որ տարիներ առաջ մենք խոսում էինք «բարոյական փոխհատուցում» կոչվածի մասին և ասում էինք, որ կարգավորված չէ, թե այն իրենից ինչ է ենթադրում: Իսկ այս պարագայում ի՞նչ պատիժ, օրենսդրական լուծումներ է առաջարկվում այն քաղաքացու համար, ում անձի անձեռնմխելիությունը խախտվել է:
- Եթե քրեական վարույթի շրջանակում է դա, հիմնականում այդ վարույթի շրջանակներում է նրա փոխհատուցման ինստիտուտը գործում, ոչ թե փաստի ճանաչումը, իրավունքի խախտման փաստը, որից հետո արդեն քաղաքացիաիրավական հարց է: Օրինակ, նրա կյանքի իրավունքն է խախտվում, արժանապատվության, անձնական անձեռնմխելիությունը (խոշտանգման չենթարկվելը): Եթե այդ փաստը հաստատվում է, կարող է փոխհատուցում պահանջել: Այլ բան է, որ շատ դեպքերում մեր սահմանադրական օրենսգիրքն էլ այդ դաշտը չի կարգավորել, ինչպես, օրինակ, այդ պատի մոտ ընկճված վիճակում տեսանկարահանելը և տարածելը: Դրանով ոչ միայն անմեղության կանխավարկածն է խախտվում, այլև անձին արժանապատվությունը նվաստացնող վիճակի մեջ են դնում:
- Ձեզ հանդիպած գործերից (մեր երկրում) ամենաշատն ի՞նչ տեսանկյունից է խախտվում անձի անձեռնմխելիությունը:
- Ես անձեռնմխելիության տարբեր տեսակներ նշեցի: Ընտանեկան բռնությունն ինչ-որ տեղ անձեռնմխելիության խախտում է, և Հայաստանում, միգուցե, ամենաշատը դա է: Անձի ազատության՝ անձնական անձեռնմխելիության խախտման դեպքում կիրառվում է կալանք. այստեղ էլ մեծ են խախտումները, որովհետև ԵԴ նախադեպային որոշումներ կան, Վճռաբեկ դատարանի հիանալի, փայլուն որոշումներ կան, որոնք, սակայն, պատից կախում են, և վերջ: Ընդհանրապես բոլոր դատարանները պետք է դրանցով ուղղորդվեն, բայց պրակտիկայում դա չի արվում: Չի արվում նաև Վճռաբեկ դատարանի կողմից, այսինքն՝ իրենք որոշակի չափանիշներ են սահմանել, որ այդ դատական ակտերը, փաստական հանգամանքները պետք է այդ չափանիշներին համապատասխանեն, որպեսզի կարողանան անձի ազատության իրավունքը սահմանափակել և կալանքի վերցնել: Այդ որոշումները կարծես բուտաֆորիա է, ձևական, և պրակտիկայում առանց բավարար հիմքերի աջ ու ձախ կալանավորում են անձանց: Դա, առավել ևս, արվում էր նաև քաղաքական ենթատեքստով գործերով:
- Ես շատ էի լսում, որ հատկապես քաղաքական գործերով է խափանման միջոցը կալանքն ընտրվում: Այժմ, երբ այդ «քաղաքական ճնշումներ»-ը չկան, բայց վիճակագրությունն այնուամենայնիվ կա, որովհետև մոտ երեք ամիս անցել է, խափանման միջոցները փոխելու տեսանկյունից ինչ-որ բան փոխվե՞լ է դատական համակարգում, թե՝ ոչ:
- Այս պահին դժվար է ասել, որովհետև դա, մեծ հաշվով, վիճակագրությամբ կարելի է պարզել: Այնպես չէ, որ ամեն փաստաբան նման 100 դեպք է ունենում. այս երեք ամսվա մեջ կալանքի միջնորդությունների 1-2 գործի կարող է մասնակցել: 2017թ. կալանքի միջնորդությունների մոտ 95 տոկոսը բավարարվել է, բավարարվածներից մոտ 15 տոկոսի նկատմամբ գրավ է կիրառվել, այսինքն՝ միջնորդությունների մոտ 85 տոկոսի դեպքում մարդիկ կալանավորվել են: Նման պրակտիկա եղել է: Այս տարի ինչ կլինի՝ վիճակագրությունը ցույց կտա, բայց դեռ շատ բան չի փոխվել, և վախենամ՝ չփոխվի էլ, որովհետև ովքե՞ր են վարույթն իրականացնող մարմինները, որոնք դիմում են միջնորդությամբ. դա ԱԱԾ-ի քննչական վարչությունն է, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն, ՊԵԿ-ը և, իհարկե, դատախազությունը՝ վերաքննության վարույթում: Վիճակն այնպիսին է, որ կարծես թե հիմա դատարանները հարվածի տակ են, և այդ մարմիններին քարտ-բլանշ է տրված որոշակի գործերով, և նրանք, դա օգտագործելով, կարող են ճնշում գործադրել դատարանների նկատմամբ: Եթե դատարաններն, օրինակ, անգամ քաղաքական ենթատեքստ չունեցող որոշ գործերով որոշեն խափանման միջոցներ չկիրառել, կօգտագործվեն այլ լծակները, որոնք այսօր նրանց տրվել են: Ես այդ մտավախությունն ունեմ:
- Քանի որ հաղորդման սկզբում խոսեցինք Մանվել Գրիգորյանի մասին, վերջում նույնպես անդրադառնանք նրան: Մինչև իշխանափոխությունը, հիշում եմ, մեր հաղորդաշարի ամեն երկրորդ կամ առաջին հյուրը խոսում էր այն մասին, որ Հայաստանը կփոխվի այն ժամանակ, երբ կփոխվի դատական համակարգը, այսինքն՝ արդարադատության ճգնաժամը մարդիկ ներկայացնում էին որպես ՀՀ պետականության կայացման առաջին խնդիր: Մանվել Գրիգորյանի դեպքում ոչ դատավճիռ կար, ոչ մեղադրանք, բայց ամբողջ ազգին հրամցվեց մի նյութ, որի հիման վրա բոլորը հայհոյում էին նրան: Արդյո՞ք առաջին օրվանից սկսած, եթե մենք ուզում ենք այդ արդար երկիրը, որտեղ անկախ և իշխող համակարգի հետ ճիշտ գործող դատական համակարգ է, այս տեսանկյունից իր իրավունքները չխախտվեցին:
- Ես չեմ ուզում այդ դաշտ մտնել, որովհետև մի կողմից ցույց տրվեց որոշակի բաներ, նշվեց, որ իր օբյեկտում է դա հայտնաբերվել, մյուս կողմից, իր կերպարը նկատի ունենալով, հանրային պահանջարկ կար դրա հետ կապված: Միգուցե իշխանությունները ցանկացան ցույց տալ նաև իրական վիճակը, թե ինչ է կատարվում, բայց ես այդտեղ՝ մասնավորի հետ չեմ տեսնում արդարադատության իրավունքի խախտումը, տեսնում եմ կապի մեջ,Մանվել Գրիգորյանն էլ այդ շղթայի օղակներից է, և դատարանների նկատմամբ այս վերջին հարձակման փորձերի մեջ: Եթե մենք իրավական պետության մասին ենք խոսում, դատարանների նկատմամբ նման հարձակում չպետք է լինի:
Ես ուրիշ խնդիր եմ տեսնում. փորձ է կատարվում դատարանների նկատմամբ արդեն ճնշում (նաև հրապարակային) կիրառել: Մանվել Գրիգորյանի հետ կապված ողբերգական ինչ-որ պահ կա, երանգ. 2008թ. փետրվարի 21-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանը Մանվել Գրիգորյանին հռչակեց (և բոլորը «Մանվել» էին վանկարկում) որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր: Նայում ենք նրա անցած ճանապարհը՝ Արցախի հերոս, հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, բայց շատ մարդկանց կողմից նա մեր երկրի բացասական երևույթներից մեկն էր ընկալվում, և ասում էին, որ նման երևույթներից (երևույթ ասենք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի) պետք է ազատվել: Բայց այդ անվտանգության երաշխավորից հետո եղավ կալանավորում՝ նման մեղադրանքով, ապա այդ լուսանկարի հրապարակումը: Այստեղ նայում ենք, թե ինչպիսի արժեհամակարգ է, և ինչ-որ ողբերգական, շատ ցավալի վիճակ կա. մի կողմից որոշակի ուժ նրան անվտանգության երաշխավոր է հռչակում, և նույն այդ ուժը կամ նրա հետ ասոցացվող ուժ նրան այսպիսի վիճակի մեջ է դնում: Իրականում այստեղ բարոյական խնդիր կար. համենայն դեպս այն լրատվամիջոցը, որն այդ լուսանկարը հրապարակել էր, շատ արագ հանեց և ներողություն խնդրեց: Ուրախալի է, որ գոնե շատ արագ արձագանքեցին:
- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը փաստաբան Կարեն Մեժլումյանն էր: Շնորհակալություն: