Մարքեթինգային հետազոտությունների և առհասարակ մարքեթինգի հանդեպ շատերն այսօր էլ թերահավատորեն են տրամադրված: Դրան զուգահեռ նաև շրջում են տարբեր միֆեր հատկապես մարքեթինգային հետազոտությունների հետ կապված:
Մասնավորապես շատ արտադրողներ համոզմունք ունեն, որ հետազոտություններն ու հարցումներն անհրաժեշտ չեն, քանի որ իրենց մասնագետներն ավելի լավ են տեղեկացված, քան սպառողը: Մինչդեռ դա այդպես չէ:
Ժամանակակից հասարակությունը իր վարքագծով, մտածելակերպով և ճաշակով շատ արագ է փոխվում: Այդ ամենը հասկանալու և ինչու չէ, կառավարելու համար էլ տնտեսվարողը պետք է անընդհատ կապի մեջ լինի իր պոտենցիալ հաճախորդի հետ:
Տարօրինակ կարող է թվալ, բայց հաճախ սպառողը կարող է կիրառել արտադրանքը ոչ այնպես, ինչպես արտադրողն է մտածում: Օրինակ՝ մանկական սնունդ՝ խյուսեր, մրգային պյուրեներ արտադրող մի կազմակերպություն, հետազոտության արդյունքում պարզել էր, որ իր արտադրանքն օգտագործում են նաև ատամների հետ խնդիր ունեցող տարեցները և բրեկետ կրողները:
Հաջորդ միֆն այն է, թե մեկ հետազոտություն պատվիրելով, կարելի է ստանալ բացառապես բոլոր հարցերի պատասխանը:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցն այս անգամ խոսել է մարքեթինգային միֆերի մասին: