18:16   22-06-2022
Image Description
Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է. Դումանյանը շնորհավորել է ՀՀ ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն ողջունում եմ արվեստասեր հասարակությանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի անփոփոխ ղեկավարը 1961 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է, բեղմնավոր գործունեություն է ծավալել մեր հայրենիքում և նրա սահմաններից դուրս` աշխարհի ավելի քան 27 լեզուներով երգելով հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները:

Երգչախմբի` անընդհատ նոր հորիզոններ բացող, հայ երգարվեստի ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցող գործունեությունը վառ վկայությունն է բարձր արժեքների հանդեպ երգչախմբի պատասխանատու վերաբերմունքի և յուրահատուկ առաքելության: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին և անձամբ սիրելի մաեստրոյին մաղթում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ ու նոր ներշնչանքներ»:

Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև ներկա են եղել «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին նվիրված հոբելյանական համերգին:



Loading...