13:22   23-06-2022
Հայաստանում կբացվի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում հուլիսի 6-8-ը կանցկացվեն Նիդերլանդա-հայկական գործարարության օրեր: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը՝ հիբրիդային հարթակի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը նշեց, որ Նիդերլանդա-հայկական գործարարության օրերի շրջանակում մի շարք ծրագրեր են նախատեսված՝ շեշտադրելով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Ակնկալվում է, որ միջոցառմանը Նիդերլանդներից գործարարների այց կլինի Հայաստան: Դրանից բացի, գործարարների մի խումբ էլ կմիանա առցանց: Առանձնացված ոլորտներն են գյուղատնտեսությունը՝ հիմնական առանցքում ջերմոցային տնտեսությունն է, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացումը, որից հետո Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հուշագիր կստորագրի Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հետ: Նպատակն է՝ խթանել գործարար կապերի ամրապնդումը, ներգրավել ներդրումներ, զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները, բազմապրոֆիլ օժանդակություն ցուցաբերել պալատի անդամներին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գրանցվել՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նամակ ուղարկելով [email protected] էլ-հասցեին, հստակ նշելով  հետաքրքրող ոլորտն ու օրը: Օրակարգը կտրամադրվի գրանցվելուց հետո։ Մասնակցությունն անվճար է։



Loading...