19:14   27-06-2022
Image Description
Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները, հատկապես՝ մշակութային կապերը, շարունակական են. Սիսակ Գաբրիելյան
Թողնել մեկնաբանություն

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը եւ Նարեկ Բաբայանը:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Սիսակ Գաբրիելյանն ընդգծել է հայ-վրացական 30-ամյա հարաբերությունների հաստատման կարեւորությունը: Նա գոհունակություն է հայտնել, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-վրացական բարիդրացիական կապերը, որոնք շարունակական բնույթ են կրում:

Մշտական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ Վրաստանի հետ կայուն ու մշտատեւ դրացիական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը փաստված է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է ապրիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր մակարդակով այցը մեր երկիր եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը: Նա ընդգծել է նաեւ Վրաստանի միջնորդության արդյունքում 19 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք:

Նշվել է, որ հատկապես զարգանում են հայ-վրացական մշակութային կապերը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ Թբիլիսիի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ տաղանդավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով:

Տեղեկացնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքում են հայտնվել շուրջ 2000 պատմաշակութային արժեքներ, 187 եկեղեցի՝ Սիսակ Գաբրիելյանը վրացի գործընկերոջն առաջարկել է աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողովի՝ տարածաշրջան այց կազմակերպելու հարցում:

Էլիսո Բոլկվաձեն իր պատրաստակամությունը հայտնելով՝ փաստել է, որ պետք է ամեն ինչ անել՝ պահպանելու համար պատմամշակութային արժեքները:

Հյուրն ընդգծել է, որ հաստատուն զարգանում են վրաց-հայկական մշակութային կապերը: Շեշտադրվել է երկու մշտական հանձնաժողովների միջեւ գործակցության անհրաժեշտությունը, ինչը, ըստ Էլիսո Բոլկվաձեի, կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացմանն ու կապերի ընդլայնմանը:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթին առնչվող բազմաթիվ այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրներում կազմակերպել մշակութային օրեր: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է երկուստեք մշակել աշխատանքային հուշագրեր, որոնք կնպաստեն երկու հանձնաժողովների համատեղ գործակցությանը:

Loading...