13:08   28-06-2022
Ադրբեջանն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

«Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է փորձում հետաձգել: Մինչդեռ, պետք է արձանագրենք, որ նախորդ հանդիպմանը, որ տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն մեկ ամիս անց, որովհետև կողմերն արձանագրել են, որ կա որոշակի աշխատանք քննարկման արդյունքներով, որը մեկ ամսից շուտ հնարավոր չի լինի անել: Ընդ որում, սա եղել է համատեղ առաջարկ և համատեղ որոշում:

Բայց երբ կարդում ենք Ադրբեջանի հայտարարությունների տեքստերը և վերնագրերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքին մասնակցելուց: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Պետք է արձանագրեմ, որ նախկինում էլ՝ մայիսին, Հայաստանի Հանրապետությունը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացների մասին հարցին՝ ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է այդ քայլերով նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և Արցախի:

«Նույնն էլ ճանապարհների բացման թեմայով, Ադրբեջանը անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ  հայտարարությունների դրույթները իրագործել: Մինչդեռ, իրականությունը հակառակն է: Իսկ կա շատ կարևոր իրականություն, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վերջին 30 տարիներին և մի փոքր էլ ավել վարել է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն, և իրականում Ադրբեջանն է ձգձգում գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև նա մտածել և հաշվարկել է, որ Հայաստանի շրջափակելու քաղաքականությունը արդյունավետ է կամ առնվազն չարժե հիմա կայացվեն որոշումներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան հաղթահարել շրջափակումը»,- ասել է վարչապետը՝ նկատելով, որ տրանսպորտային կոմունիկացիաների բացման արդյունքում Հայաստանը երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի հետ, Սյունիքի մարզը երկաթուղային կապ կստանա Հայաստանի հյուսիսային հատվածների հետ:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է գործընթացն առաջ տանելու հարցում, սակայն Ադրբեջանը փորձում է  հարցը տանել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից:

Loading...