14:33   28-06-2022
«Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերին Վենետիկում
Թողնել մեկնաբանություն

2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: Մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝
արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին:

Վենետիկում կայանալիք հատուկ միջոցառումների ընթացքում տեղի կունենա Aurora Dialogues երկու քննարկում: Առաջինը կներկայացնի 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Մահինուր էլ-Մասրիի եւ Հադի Ջումանի անվեհեր աշխատանքը: Իսկ երկրորդի ժամանակ կքննարկեն երիտասարդ սերնդի կենսական դերը՝ մարդկության ապագան որոշող խնդիրների լուծման գործում: Խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստներն ու մարդասերները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ «Ավրորա» համայնքի ներկայացուցիչներն ու նախաձեռնության աջակիցները, կմիավորեն իրենց ջանքերն այնպիսի գաղափարների բացահայտման գործում, որոնք կբերեն շոշափելի, դրական փոփոխությունների:

Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում: Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: Արարողության ընթացքում 2022 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ըստ իր ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության:

Loading...