14:46   28-06-2022
Image Description
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՀԱՅԱՍՏԱՆ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է վերջինիս Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ:
«Ուրախ եմ, որ Հայաստանում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ: Կարծում եմ, որ Ձեր նշանակումը մեր բարեկամ
երկրների համար նաեւ խորհրդանշական է, եւ մոտ ապագայում շատ առիթներ կլինեն արդեն գործնական հանդիպումների համար»,-
ասել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ցավով է նշել այս տարիների ընթացքում սիրիացի բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայ համայնքի
զրկանքների մասին: Միեւնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես եւ հայ ժողովուրդը, կհաղթահարեն
երկարատեւ ճգնաժամի ծանր հետեւանքները եւ առաջընթացի փուլ կմտնեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի
դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու դեսպանի նախաձեռնության համար:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի
շրջանակում միջխորհրդարանական համագործակցությանը՝ շեշտելով բարեկամության խմբերի դերակատարումը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու
ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը բարի երթ է մաղթել Սիրիայի դեսպանին դիվանագիտական առաքելության գործում՝
հավելելով, որ պատրաստ է աջակցել նրա ցանկացած նախաձեռնությանը՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության
զարգացման եւ խորացման:

Loading...