14:52   28-06-2022
Ինքս էլ եմ եղել ընդդիմադիր, ցույց էլ ենք արել, հեղափոխություն էլ, բայց նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից չեմ բացակայել. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նիստերից ընդդիմադիր պատգամավորների բացակայությանը, արձագանքելով նրանց հայտարարությանը, թե մանդատն իրենց ժողովուրդն է տվել, ոչ ոք չի կարող դա խլել, նշեց.

«Մանդատը ժողովուրդը տվել է ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում, իսկ դրանք նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որի հիմքում դրված են բացակայությունները, մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունը:

Ես ինքս էլ եմ եղել ընդդիմադիր, ցույց էլ ենք արել, նույնիսկ հեղափոխություն էլ ենք արել, բայց որպես ԱԺ պատգամավոր` մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չեմ բացակայել: Փոքրիկ հուշում` խորհրդարանական, պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, ես խիստ կասկածում եմ` եթե պատգամավոր չլինեի, այն քաղաքական գործընթացները, որ եղան, ես և մեր քաղաքական թիմը կկարողանայի՞նք դա իրագործել»:

Փաշինյանը հայտնեց, որ ՔՊ-ում առաջիկայում պետք է քննարկում տեղի ունենա. եթե ԱԺ խորհուրդը որոշում կայացրեց, հետո պետք է դիմել ՍԴ, որոշում պետք է կայացնի ՍԴ-ն, իսկ քանի որ ՔՊ-ում այս հարցով դեռ վերջնական քննարկում չկա ու որոշում չի եղել, Կառավարության ղեկավարն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց:

Loading...