19:25   28-06-2022
Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Լեհաստանից ժամանած պատվիրակության անդամներն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Լիանա Ազիզյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Մարչին Փշիդաչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Loading...