12:56   29-06-2022
ԱՄՆ իշխանությունները կանգնեցրել են Ռուսաստանից Նոր Օռլեան ուղևորվող նավթատար լցանավը.WSJ
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների իշխանությունները կանգնեցրել են Ռուսաստանից դեպի Նոր Օռլեան քաղաք (ԱՄՆ Լուիզիանա նահանգ) ուղևորվող նավթատար լցանավը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ լցանավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը և վարձակալվել է շվեյցարա-հոլանդական նավթային Vitol ընկերության կողմից։ Հրատարակության տվյալներով՝ լցանավը կիրակի պետք է ժամաներ Նոր Օռլեան։

Հրատարակության աղբյուրների և բեռնափոխադրումների տվյալների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տվել լցանավը բեռնաթափել։ The Wall Street Journal-ի զրուցակիցներից մեկի և ԱՄՆ առափնյա պահպանության պաշտոնյայի խոսքով, ներկայումս լցանավը ստուգվում է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցների կողմից։

Vitol-ի ներկայացուցիչը թերթին ասել է, որ ընկերությունը գործում է «բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ ներառյալ պատժամիջոցները»՝ հրաժարվելով թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններից: Իրենց հերթին, TMS Tankers-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունը։

Loading...