18:21   29-06-2022
Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Թողնել մեկնաբանություն

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը Կարեն Սարգսյանին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նույնականացման արդյունքներով հաստատված աճյունների և դրանցում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը անհայտ բացակայող համարվող զինծառայողների հարազատների հետ քննարկել է դատագենետիկական նույնականացման հետագա գործընթացի, կրկնակի նմուշառումների անհրաժեշտության և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղութամբ տարվող աշխատանքներով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս այս ձևաչափով շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ և քննարկել հետագա անելիքները:

Loading...