11:15   30-06-2022
Image Description
Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Մասսենա թանգարան։ Թանգարանի տնօրեն Ժան-Պյեր Բարբերոն, ընդունելով Հակոբյանին, նշել է, որ քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկի համարում ունեցող թանգարանը կրում է Նապոելոնի զորահրամանատարներից Անդրե Մասսենայի անունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, շրջայցի ընթացքում Ժան-Պյեր Բարբերոն Աննա Հակոբյանին պատմել է, թե ինչպես 20-րդ դարասկզբին մարշալ Մասսենայի ժառանգորդների կողմից կառուցված դղյակը նվիրաբերվել է պետությանը՝ այն թանգարանի վերածելու պայմանավորվածությամբ։

«Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ դիտել է ցուցադրվող նմուշները, որոնք ներառում են Մասսենայի ընտանիքին պատկանող անձնական իրեր, արվեստի գործեր, հնաոճ կահույք, ինչպես նաև Նիցցայի պատմությանը թեմատիկ տարրեր։

Թանգարանի տնօրենը ներկայացրել է, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի և Ժոզեֆինայի անձնական իրերը, հուշանվերները, նամակները։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցանմուշների մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի տիկինը շրջայց է կատարել նաև Նիցցայի հին քաղաքում, այցելել Շատո դե Նիս՝ քաղաքի հիմնադրման վայրը, որը ոչ միայն Նիցցայի, այլև ամբողջ Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, և ծանոթացել է քաղաքի` տարբեր ժամանակաշրջաններում զարգացման պատմության հետ:

Loading...