12:14   02-07-2022
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ-ն Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել
Թողնել մեկնաբանություն

Հարթաշեն, Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում բնակվող ավելի քան 123 երեխա այսուհետ նախադպրոցական կրթություն կստանա: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

 ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտեզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարևոր վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորությունը:

Այսուհետ, Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բնակվող 0-6 տարեկան ավելի քան 123 երեխա, նախքան դպրոց հաճախելը, հնարավորություն կստանա հաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելով ստեղծված այս կենտրոնները ծախսարդյունավետ են և հնարավորություն են տալիս փոքր համայնքներին հեշտությամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերանորոգել է համայնքների տրամադրած առանձնացված հատուկ սենյակները, վերանորոգել/հիմնել սենյակին կից սանհանգույցներ, կահավորել կենտրոնները, տրամադրել կրթական և դիդակտիկ նյութեր, գրքեր և խաղեր: Տեղադրվել են նաև արևային պանելներ՝ նվազեցնելու ջեռուցման և հետևաբար՝ պահպանման ծախսերը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են դաստիարակները՝ զինվելով երեխաների և հատկապես խառը տարիքային խմբերի հետ աշխատելու նոր մեթոդոլոգիաներով։

Loading...