14:10   03-07-2022
Image Description
Հյուսիսային Կորեան կամրապնդի ռազմական ներուժը՝ ընդդեմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ՝ իր դեմ ուղղված եռակողմ ռազմական համագործակցության հնարավոր ընդլայնումը՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը պաշտոնական Փհենյանին պարտադրում է ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

«Առկա իրավիճակը պահանջում է հզորացնել երկրի պաշտպանությունը՝ Կորեական թերակղզում եւ ամբողջ աշխարհում անվտանգության արագ վատթարացող իրավիճակին դիմակայելու նպատակով», - ասվում է Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որում չի հստակեցվում, թե երկիրն ինչպես է ամրապնդելու իր ռազմական ներուժը:

Վերոնշյալ հայտարարությունը կասկածի տակ է դնում անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում կայացած ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի միջեւ անցկացված հանդիպումը, որի ընթացքում կողմերը ընդգծել են, Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների դեմ պայքարում, ավելի ամուր համագործակցության անհրաժեշտությունը:

Համագործակցության շրջանակում Հարավային Կորեայի մասնակցությամբ ԱՄՆ-ի գլխավորած զորավարժությունները Հյուսիսային Կորեան դիտարկում է, որպես ներխուժման փորձ, հակառակ այն բանին, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Սեուլը բազմիցս ասել են, որ նման մտադրություն չունեն:

Վերջերս կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ խորապես մտահոգված է բալիստիկ հրթիռների շարունակվող փորձարկումներով եւ՝ միջուկային փորձարկում իրականացնելու Հյուսիսային Կորեայի ակնհայտ ծրագրերով: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը, իր հերթին, նշել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջադեմ միջուկային ծրագրին ընդդեմ մեծացել է եռակողմ համագործակցության կարեւորությունը, մինչդեռ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան շեշտել է, որ համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժությունները՝ կարեւոր կլինեն Հյուսիսային Կորեայի սպառնալիքները զսպելու համար:

Վերոնշյալ հայտարարության մեջ Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին մեղադրում է նաեւ իր կողմից եկող սպառնալիքների մասին լուրերը ուռճացնելու համար:

Loading...