Հայության ազգային դեմքն ու պատմությունը պահպանելու նպատակով տեղի հայերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում ստեղծվել են հայկական մի շարք եկեղեցիներ: Այդ հարցում շատ մեծ դերակատարում ունի «Կաճառ հայկական» կազմակերպությունը, որը հիմնվել է 1888 թվականին Ուսթր քաղաքում՝ հանրային ակնառու գործիչ, բանաստեղծ Մկրտիչ Փորթուգալյանի և այլոց նախաձեռնությամբ։ Հայկական կաճառի նպատակն է եղել աղոթատեղիի հիմնումը, որը կհեշտացներ հայերի ազգային դիմագծի պահպանումը, և արդեն 1891 թվականին հիմնվում է սուրբ Փրկիչ եկեղեցին:
Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում ներկայումս ունի շուրջ 90 եկեղեցի։ Հայ ավետարանականներն ունեն 22 ժողովարան, իսկ հայ կաթոլիկները՝ 6 եկեղեցի։
ԱՄՆ-ում Հայաստանյայց առաքելական եկեղեցին բաժանված է չորս թեմերի` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան (առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճար) և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմերը (առաջնորդանիստը՝ Բըրբենքի Սբ. Ղևոնդ եկեղեցի), որոնք գտնվում են Ամենայն Հայոց կաթողիկոսության հովանու ներքո, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներքո գործող Հյուսիսային Ամերիկայի Արևելյան (առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) և Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմերը (առաջնորդանիսը՝ Հոլիվուդի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցի):
ԱՄՆ-ի ամենահայաշատ վայրում՝ Գլենդելում, 1975թ. հիմնված Սուրբ Մարիամ եկեղեցին, տևականորեն չունենալով իր սեփական շենքը, 1988-ին քաղաքային իշխանություններից ձեռք բերեց գաղթօջախային նախկին առանձնատունը: Սուրբ Մարիամի բակում տեղադրված են 1998 և 2000 թթ. Հայաստանից բերված երկու խաչքարեր: Հատկանշական է, որ եկեղեցում կա հատկացված տարածք՝ ի հիշատակ տեղի մահացած հայերի և նրանց բարեկամների անուններով:
Իսկ ահա Քենեթ Վիլիջ առևտրական թաղամասի արևմտյան մասում է գտնվում Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցին, որը կառուցվել և օծվել է 2001-ին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Միացյալ Նահանգների յոթ և Կալիֆորնիայի երկու հայկական կաթոլիկ եկեղեցիներից մեկն է (մյուսը Լոս Անջելեսում է): Եկեղեցին կառուցվել և օծվել է 2001-ին: Շենքի ճարտարապետական նախագիծն իր ինքնատիպ ոճի համար արժանացել է Glendale Urban Design Achievement հեղինակավոր մրցանակին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողքին է գտնվում Քույումջյան Հոլը, որտեղ անցկացվում են հայկական համայնքի մշակութային ու կրոնական ամենատարբեր միջոցառումներ:
Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում ևս կա հայկական եկեղեցի: Դեռևս 2007 թ. սկսվել է Սուրբ Լեոն հայկական տաճարի շինարարությունը (եկեղեցին անվանվում է նաև Բըրբենքի հայկական եկեղեցի): Տաճարի շենքը հանդիսավոր արարողակարգով օծվել է 2010-ի սեպտեմբերի 11-ին: Սուրբ Լեոնին կից գործում են Զորայան թանգարանը, որտեղ կանոնավոր կերպով կազմակերպվում են տարբեր երկրների հայ նկարիչների ցուցահանդեսներ, և Պայծառ Թուփանջյանի գրախանութը, որտեղ վաճառվում է հայկական գեղարվեստական և աստվածաբանական գրականություն:
Եկեղեցին թերևս միակ վայրն է, որտեղ տոնական օրերին այդչափ շատ հայեր են հավաքվում և շփվում միմյանց հետ: Հենց եկեղեցում է զգացվում հայկական մշակույթի և կրոնի շունչը:
Նյութը պատրաստեց՝ Շուշան Մակարյանը