13:08   06-07-2022
Image Description
Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի Պատգմավորների կոնգրեսի նախագահը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետը կարևորել են  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծել, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ու խորհրդարանականների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև՝ բարեկամական խմբերի աշխատանքի միջոցով։ Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

Երկուստեք կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել է, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել:

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրատապությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը նաև զրուցակցին է ներկայացրել Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Loading...