20:09   06-07-2022
Կարևոր նախաձեռնություն՝ զեղչերի հանդեպ հավատը վերականգնելու համար. ՄՊՀ նախագահը ներկայացրեց նոր նախագիծ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նոր նախագիծ, որը Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կարևոր նախաձեռնություն է համարում՝ զեղչերի, ակցիաների հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ստացավ 55 կողմ ձայն:  

«Նախագծերով առաջարկվում է սահմանել ակցիայի սահմանումն ու դրա տեսակները, մասնավորապես զեղչը  և ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, սահմանել զեղչի հասկացությունն ու կիրառման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ 3 ամիս, զեղչի հաշվարկումը, ելակետային գին և այլն, տարանջատել զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը»,-ասաց Գևորգյանը:

Ըստ նրա՝ նախագծով առաջին հերթին ցանկանում են դաշտը հստակ կարգավորել,  ինչը առաջինը հնարավորություն կտա պաշտպանել սպառողների շահերը, երկրորդը, որ տնտեսավարողներն ավելի կանխատեսելի միջավայրում իրենց գործունեությունը ծավալեն, և երրորդը, որ հանձնաժողովը սկսի իրականացնել իր կանխարգելիչ ֆունկցիան:

«Սա կարևոր նախաձեռնություն է՝ սպառող և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության բարձր մակարդակ սահմանելու և ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Loading...