Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում են նախարարութունից, ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) հուլիսի 12-14-ը կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացը, որի առաջին բաղադրիչի մեկնարկը տրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ողջույնի խոսքով:
Ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտը՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Նախագծի շրջանակում նախատեսվում է մշակութային ժառանգության վերականգնման և ամրակայման մասնագետների հմտությունների ամրապնդում և զարգացում՝ շարունակական վերապատրաստման դասընթացների միջոցով։