18:35   13-07-2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին՝ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Թերի Ջորջին, փառատոնի պատվավոր հյուր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Կոստա-Գավրասին, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մայքլ Գյուրջյանին և գրող, հումանիստ, ակտիվիստ Միրզա Դինայիին՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար ու գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Վարչապետը ողջունել է կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությունը մեր երկրում անցկացվող մշակութային նշանակալի իրադարձությանը, որը նպաստում է կինոարդյունաբերության զարգացմանը, մասնագիտական շփումների ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կինոարտադրության զարգացումը կարևոր է ոչ միայն մշակույթի, այլև կրթության, գիտության, տեխնոլոգիաների համար, և Հայաստանը շահագրգռված է ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով հաղորդակից լինել այդ գործընթացին:

Կառավարության ղեկավարը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի հետագա աշխատանքներին:


Loading...