17:06   27-07-2022
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել՝ ներգրավելով բոլոր թիրախային խմբերին և ամփոփելով բոլոր շահագրգիռ կողմերի ու մասնագետների կարծիքներն ու գաղափարները՝ ներակայացնել առաջարկություններ հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ:

Loading...