16:32   05-08-2022
Image Description
ԱՄՆ-ի օրենսդիրները Բայդենի վարչակազմին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Թողնել մեկնաբանություն

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Մարկո Ռուբիոն եւ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ու Ջեքի Սփիրը գլխավորել են Կոնգրեսի՝ Բայդենի վարչակազմին ուղղված կոչերը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը դադարեցնի հարձակումները Արցախի Լաչինի միջանցքի դեմ, տեղեկացրել է Հայ դատի Ամերիկայի գրասենյակը (ANCA)։

Ադրբեջանի հարձակումից ընդամենը մի քանի ժամ հետո հրապարակված թվիթում Ներկայացուցիչների պալատի անդամ Փալոնեն նշել է, որ «սա վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես է Ալիեւը սպառնում Արցախի ժողովրդին այնպիսի անհեթեթ պահանջներով, ինչպիսին է Լաչինի միջանցքի փակումը։ Ես կոչ եմ անում պետդեպարտամենտին եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչությանը դատապարտել այս գործողությունները եւ օգտագործել բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ Ալիեւի վտանգավոր գործողությունները կանգնեցնելու համար»։

«Ալիեւն Արցախի ժողովրդի դեմ իր անօդաչուների արյունոտ հարվածները կդադարեցնի, միայն եթե/երբ ԱՄՆ-ը ցուցադրի իր առաջնայնությունն ու ուժը։ Անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ամբողջ օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ գործը չի հասել բանակցությունների սեղանին»,- նշել է Ջեքի Սփիրը։

«Տագնապ է առաջացնում բռնության թեժացումը էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը պետք է անհապաղ վեջ տա այդ հակամարտությանն ու աշխատի Հայաստանի հետ, որպեսզի հասնի վեճի խաղաղ դադարեցմանը»,- ասել է սենատոր Մարկո Ռուբիոն։

Նման մտավախություններ ունեն նաեւ կոնգրեսականներ Քեթրին Քլարկը, Աննա Էշուն եւ Ռաջա Քրիշնամուտրին։

«Ադրբեջանը նորից անամոթաբար խախտում է հրադադարի համաձայնագիրը Հայաստանի հետ։ Պետդեպարտամենտը պետք է Ալիեւի ռեժիմը պատասխանատվության կանչի Արցախի դեմ հարձակումների համար։ Կենսականորեն կարեւոր է, որպեսզի մենք կանգնենք անմեղ կյանքերի, Հայաստանի ինքնիշխանության եւ խաղաղության ապահովման պաշտպանության դիրքերում»,- նշել է Քլարկը։

Աննա Էշուն Թվիթերում գրել է, որ «Ադրբեջանի անօդաչուների մահացու հարվածներն Արցախին 2020թ. հրադադարի ռեժիմի աղաղակող խախտում են։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել հասանելի բոլոր դիվանագիտական գործիքները հետագա թեժացումը կանխելու համար, ներառյալ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցումը»։

Քրիշնամուտրին ընդգծել է, որ «դաժան հարձակումները, որոնք մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից, տեղ չունեն։ Ես կոչ եմ անում Ալիեւի ռեժիմին՝ դադարեցնել բոլոր հարձակումներն Արցախի դեմ եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բոլոր կողմերի համար խաղաղ կարգավորում գտնելու նպատակով»։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը Ֆեյսբուքում եւ Թվիթերում ANCA-ի հարթակների եթերում գործողության կոչ է արել՝ Արցախի ազատության կողմնակիցներին հորդորելով զանգահարել Սպիտակ տուն եւ նախագահ Բայդենին ասել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու եւ ամերիկյան զենքի առաքումն ու Ալիեւի դաժան ռեժիմին օգնությունը դադարեցնելու մասին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի ագրեսիան Արցախի բնիկ հայ ազգաբնակչության դեմ։

Loading...