11:46   10-08-2022
Image Description
Հայաստանը նախատեսում է «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել
Թողնել մեկնաբանություն

Արդեն օգոստոսին Հայաստանը նախատեսում է վրացական «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները», - նշված է պատասխանում։

Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ լաստանավերի գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի «Վերին Լարսին»։

Հայաստանի կառավարության 2022 թվականի մարտի 24-ի որոշման համաձայն` նախատեսվում է, որ լաստանավի օպերատորը՝ տեղական c&M International լոգիստիկ ընկերությունը, «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» ու հակառակ ուղղությամբ շաբաթական երկու անգամ ռեյսեր կիրականացնի:

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լաստանավային հաղորդակցությունը կարող է ակտիվացնել նաև երկաթգծային փոխադրումները, ավելացնել արտահանման ծավալները և նպաստել սպասարկման տեմպերի արագությանը (հաշվի առնելով, որ այժմ բեռների տեղափոխման միջին ժամկետը ՀՀ-ից ՌԴ «Վերին Լարսով» կազմում է 7 օր, իսկ լաստանավային հաղորդակցության դեպքում նախատեսվում է, 3 օր)», - նշված է պատասխանում։

Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետի ճանապարհի փակումը (հաշվի առնելով, որ դա Հայաստանից ՌԴ արտահանման հիմնական ուղղությունն է) բացասաբար է ազդում հայկական տնտեսության և արտահանման ցուցանիշների վրա:

«Վերին Լարսում» ստեղծված իրավիճակի դեպքում գերատեսչությունների կողմից աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով, մասնավորապես վրացական կողմի հետ աշխատանք է տարվում, որպեսզի արագ փչացող ապրանքները հնարավորինս կարճ ժամկետում հատեն Վրաստանի սահմանը։

Հիշեցնենք, որ վրացական «Փոթի» նավահանգստի ու ռուսական «Կովկաս» նավահանգստի միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է գործարկվեր հունիսի 15-ից: Սակայն դա տեղի չունեցավ քաղաքական պատճառներով։ Փոթիի նավահանգիստը ղեկավարում է APM Terminals-ի հոլանդական դուստր ընկերությունը, որը պետք է թույլտվություն ստանա մայր ընկերությունից, որպեսզի կանաչ լույս վառի լաստանավային հաղորդակցության համար:

Այդ իսկ պատճառով Հայաստանը որպես այլընտրանք դիտարկում է մուլտիմոդալ փոխադրումները․ բեռները Հայաստանից երկաթուղով կամ բեռնատարներով կհասնեն «Փոթի» նավահանգիստ, այնտեղից կոնտեյներներով և նավերով՝ մինչև ռուսական «Կովկաս» նավահանգիստ։

Լաստանավից կկարողանան օգտվել մրգեր և բանջարեղեն արտահանողները. հունիսից կտրուկ ավելացել են դեպի Ռուսաստան սեզոնային փոխադրումները: Լաստանավի տարողությունը կազմում է 50 բեռնատար և 40 վագոն: Ընդ որում` Հայաստանի կառավարությունը առաջին 6 ամիսների ընթացքում բիզնեսի համար ամբողջությամբ կսուբսիդավորի լաստանավի ծախսերը։

Loading...