17:40   10-08-2022
Image Description
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել՝ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունը քննարկելու համար
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը կոչ է արել օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ կապված օրերս Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունների հետ, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության աղբյուրին։ Տեղեկությունը հաստատել է նաև ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, ով իր Տելեգրամ-ալիքում գրառման մեջ նշել է, որ տվյալ թեման արժանի է ԱԽ-ի գործըկերների հետ հանգամանալից քննարկման։

Ըստ գործակալության՝ Ռուսաստանը նաև հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին՝ ելույթ ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ Ավելի վաղ Գրոսսին հայտարարել էր, որ ատոմակայանի գնդակոծությունը միջուկային աղետի իրական վտանգ է ստեղծում։

Եվրոպայում խոշորագույն ատոմակայանի գնդակոծության համար ռուսական և ուկրաինական կողմերը մեղադրում են մեկը մյուսին։ Զապորոժիեի ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել մարտի սկզբին, սակայն այն դեռ կառավարում են ուկրաինացի տեխնիկները: Ըստ ուկրաինական կողմի՝ անցյալ շաբաթվա վերջին ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով վնասվել են ճառագայթման սենսորներ, իսկ ատոմակայանի աշխատակիցը վիրավորվել է: Իսկ Էներգոդարում Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերն են հարվածներ հասցրել ատոմակայանին «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Բեկորները և հրթիռային շարժիչն ընկել են ատոմակայանի գործող էներգաբլոկից 400 մ հեռավորության վրա։ Գնդակոծության հետևանքով Էներգոդարում առնվազն 1 մարդ զոհվել է։

Loading...