18:58   10-08-2022
Image Description
Համաշխարհային շուկան միլիոն բարել նավթ կստանա, եթե ԱՄՆ-ը եւ Իրանը վերակենդանացնեն միջուկային գործարքը
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային էներգետիկ շուկան միլիոն բարել նավթ կստանա, եթե ԱՄՆ-ը եւ Իրանը վերակենդանացնեն 2015թ. միջուկային գործարքը, բայց անգամ այդ դեպքում դա չի լուծի գլոբալ էներգետիկ ճգնաժամի խնդիրը։ Այս մասին ասել է RBC-ի հումքային ապրանքների բաժնի ղեկավար Հելիմա Քրոֆթը։

ԱՄՆ-ը գործարքից դուրս է եկել 2018թ., որի համաձայն՝ Իրանը համաձայնել էր սահմանափակել միջուկային գործունեությունը միջազգային պատժամիջոցների հանման դիմաց, գրել է Business Insider-ը։

Պատժամիջոցները հանելն Իրանին ավելի վաղ թույլ էր տալիս իր նավթը վաճառել համաշխարհային շուկայում, ահա թե ինչու ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնատար անձինք փորձում էին վերականգնել գործարքը, քանի որ աշխարհը բախվում է էներգետիկ ճգնաժամի, որովհետեւ կրճատվել է Ռուսաստանից համաշխարհային շուկա էներգառեսուրսների արտահանումը։

ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնատար անձինք հարցը քննարկել են անցած շաբաթ, իսկ Եվրոպական միությունը երկուշաբթի հայտարարել էր, որ հաստատել է համաձայնագրի «վերջնական» տեքստը, ինչը նշանակում է, որ Իրանը ստիպված կլինի համաձայնել բոլոր պայմաններին կամ հրաժարվել փաթեթից ընդհանրապես։

Եթե գործարքը կնքվի, դա կլինի Եվրոպայի խոշոր հաղթանակը։ Եվրոպան այս ձմռանը բախվելու է պոտենցիալ արտակարգ դրության բնական գազի անբավարարության պատճառով։ Քրոֆթի խոսքով՝ դա նաեւ կմեղմի ցավը այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին ամբողջովին ուժի մեջ մտնեն ռուսական նավթամթերքների հանդեպ ԵՄ-ի մտցրած արգելքները, ինչը կկրճատի նավթի մատակարարումները եւս 2,2 մլն բարելով։

Բայց անգամ այս դեպքում իրանական մատակարարումները արագ լուծում չեն լինի, ինչի հույսն ունեն ոմանք։

«Հարցն այն է, թե կցանկանան արդյոք իրանցի առաջնորդները գնալ այդ գործարքին»,- նշել է Քրոֆթը CNBC-ի հարցազրույցում՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի եւ Իրանի ղեկավարներն այս տարվա մարտին մոտ էին համաձայնագրի կնքմանը, բայց Իրանը հրաժարվեց։

Գործարքը պետք է արժանանա նաեւ Կոնգրեսի եւ Իրանի հավանությանը, իսկ դա նշանակում է, որ այն դեռ հեռու է Եվրոպայուն էներգետիկ ճգնաժամի վրա որեւէ ազդեցություն ունենալուց։

«Սա բազմամսյա գործընթաց է»,- ասել է Քրոֆթը։ «Բայց նորից, հաշվի առնելով այն, որ դեկտեմբերին հաշվեկշռում կմնան ռուսական բարելները, լրացուցիչ մատակարարումներն Իրանից օգտակար կլինեին»։

11:01   30-09-2022
Loading...