13:14   13-08-2022
Image Description
Գիտական փորձի արդյունքում ստացված հացահատիկի և հատիկընդեղենի նոր սորտերը Գյումրիի սելեկցիոն կայանի փորձադաշտերում առատ բերք են տվել
Թողնել մեկնաբանություն

Գյումրիի սելեկցիոն կայանի փորձադաշտերումշ ընթացքի հացահատիկային մշակաբույսերի և հատիկընդեղենի բերքահավաք է: Այս տարի ստացված բերքը 2021-ի համեմատ մի քանի անգամ ավելին է: Ըստ մասնագետների, սա պայմանավորված է գիտական բաժիններում ստեղծված հայկական սերմերի արտադրությամբ, որոնք հարմարեցված են տեղի կլիմայական պայմաններին ու ապահովում են բարձր բերքատվություն: Օրեր առաջ հավաքած տեղական արտադրության գարու հատիկները գիտահետազոտական կայանում զտման պրոցես են անցնում: Սարքի միջոցով առանձնացվում է  խոշոր գարու ոսկեգույն հատիկը:

«Բերքահավաքը ավարտել ենք, արդեն սկսել ենք զտելու և տեսակավորելու  աշխատանքները։ Զտում ենք գարնանացան գարու «Հայկ» սորտի սերմերը։ Ասեմ, որ այս տարի գարիները շատ լավ բերք են տվել, իսկ հեռանկարային  «Գայանե» սորտ ունենք՝ շատ բարձր բերք  է ապահովել»,- ասում է Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի պետ Ռիմա Մուրադյանը։

Գարու սորտերի կողքին ամբարված են նաև ցորենի բարձր վերարտադրողականության  սորտերը։ Այս տարի ամենաշատ բերքը ստացվել է սելեկցիոն կայանում կատարված գիտական ցանքսի արդյունքում ստեղծված «Վարս» տեսակի ցորենի փորձադաշտերից, մյուսները դեռ գտնվում են սորտափորձարկման փուլում:

Տեղական արտադրության սերմերը հարմարվում են ոչ միայն Շիրակի դաշտավայրի, նաև Հանրապետության մյուս տարածքների բնակլիմայական պայմաններին։ Անջրդի հողերից մինչև ոռոգելի ցանքերում սերմացուները ապահովում են բարձր բերքատվություն։ Արդեն ունեն նաև գարնանացան ցորենի  սորտատեսակ:

«Արդեն այս տարի ունենք էլիտա վերարտադրության սերմեր, 2023 թվականին կդնենք  բազմացման և հենց հաջորդ տարվանից էլ այդ սերմերը  կլինեն նաև վաճառքի համար, գարնանացան ցորենի սերմ արդեն ունենք  «Գոհար-Շիրակի 1», որը լավ արդյունք է ցույց տվել»,-նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։

Հացքաղը նոր է ավարտվել։ Գյուղացիական տնտեսություններից ու ֆերմերներից  աշնանացան ցորենի գնման հայտեր են ներկայացրել, արտահանում չեն կատարում, փորձում են բավարարել  տեղի պահանջարկը:

Հացահատիկային մշակաբույսերից բացի փորձարկում են նաև հատիկընդեղենի էլիտար սորտեր: Գիտական բաժնի մասնագետները անջրդի պայմաններում փորձարկում են հատկապես սիսեռի և ոսպի տեղական արտադրության  սորտերը։

«Ոսպը և սիսեռը մշակվում են բացառապես անջրդի պայմաններում, հետևաբար, կարող ենք ասել, որ բարձր բերքատվություն կարող են ապահովել մեր Հանրապետության և մարզի լեռնային ու բարձր լեռնային տարածաշրջաններում։ Առավելությունն այն է, որ սիսեռի մեր մշակած  «Մուշ» սորտի մեկ հասկից մինչև 5 ճյուղավորություն ունենք, իսկ հունդերը շատ են ու  մեկ հունդի մեջ լինում է երկու հատիկ»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի բուսաբուծության բաժանմունքի պետ Լուսինե Սուվարյանը։

Մեկ հեկտարից հնարավոր է ստանալ 18-25 ցենտներ բերք: Հատիկընդեղենը մեծ պահանջարկ ունի ներքին շուկայում, համարվում է կենդանական սպիտակուց պարունակող  մշակաբույս: Գյումրեցի գիտնականների ստեղծած «Մուշ» սորտատեսակը  շրջանացվում է 2020 թվականից, այժմ  գիտական բաժինը զբաղվում է սիսեռի  առաջնային սերմարտադրությամբ:

Մի քանի օրից կսկսվի նաև բարձր յուղայնություն ունեցող տեղական կտավատի ու լոբու բերքահավաքը: Կայանն այս տարի կավարտի Շիրակի մանուշակագույն լոբու պետական սորտափորձարկումը, հաստատվելուց հետո հողագործներին կառաջարկեն բարձր բերքատվությամբ նոր տեղական սորտ: Տեղի ռելիեֆային ու կլիմայական պայմաններին մյուս մշակաբույսերի հարմարեցման փորձարկումները կշարունակվեն լաբորատոր պայմաններում:

Loading...