14:16   16-08-2022
Image Description
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է քառասունչորսօրյա պատերազմի զոհերի, բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ
Թողնել մեկնաբանություն

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատակիցների և քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը, ցավակցություն և զորակցություն հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
 
Այնուհետև օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է տեղեկատվություն օպերատիվ շտաբի կողմից վերջին շրջանում կատարած աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման առանցքային թեման քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրման գործընթացն էր:
 
«Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը բազում զրկանքներ է կրել, և Արցախի իշխանությունները փորձել են անել հնարավորը՝ թեթևացնելու նրանց վիճակը: Ուշադրության կենտրոնում են հատկապես արցախյան վերջին պատերազմի հետևանքով բռնի տեղահանված զոհվածների ընտանիքները։ Այսօր Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման հարցը:
 
Ամիսներ առաջ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի, օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ հանդիպում ենք ունեցել զոհվածների բռնի տեղահանված ընտանիքների անդամների հետ, այդ մասին իրազեկել Հանրապետության նախագահին, ում որոշմամբ էլ խնդիրը դարձել է մեր երկրի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում գտնվող և հնարավորինս շուտափույթ լուծում պահանջող հարց»,- իր խոսքում մասնավորապես նշել է Արցախի խորհրդարանի ղեկավարը։
 
Հանդիպման ընթացքում ևս վեց շահառուի հանձնվել են սերտիֆիկատներ։
 
Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը շեշտել է, որ գնման համար տուն գտած շահառուները, առանց որևէ խնդրի, կարող են ստանալ սերտիֆիկատները՝ դիմելով օպերատիվ շտաբ։ Նրա խոսքով՝ սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվը հասել է երեսուներկուսի, որոնցից վեցը իրացման փուլում է, երկուսը՝ ավարտված։
 
Անդրադարձ է կատարվել նաև տեղահանված քաղաքացիներին 40 000-ական դրամի չափով աջակցության տրամադրման ծրագրին: Հայտերն ուսումնասիրվում և քննարկվում են Արցախում՝ բնակարանային հարցերի կոմիտեում։
 

Loading...