17:25   16-08-2022
Image Description
Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները. զեկույց
Թողնել մեկնաբանություն

«Punto 24» անկախ լրագրողական ասոցիացիայի կազմում գործող «Expression Interrupted» հարթակը «Խոսքի և մամուլի ազատության օրակարգի» հերթական զեկույցն է կազմել: Ապրիլ, մայիս և հունիս ամիսներն ընդգրկող զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության բնագավառում առկա վիճակին: Պատմում է ermenihaber կայքը:

Նշվում է, որ Թուրքիայում այդ ոլորտում գրանցված հետընթացը 2022-ի 2-րդ եռամսյակում արդեն նկատելի չափերի է հասել: Խոսվում է այդ երկրում ազատազրկված լրագրողների մասին, որոնց թիվը Դիարբեքիրում վերջին շրջանում ձերբակալված 15 լրագրողների ու ոլորտի աշխատողների հետ միասին հասել է 67-ի:

Ըստ բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ խնդրո առարկա ժամանակահատվածում 116 դատավարությունների շրջանակներում 168 լրագրող կանգնել է դատարանի առջև: Այդ ընթացքում ավարտված 22 դատավարությանից 8-ի շրջանակներում 9 լրագրող դատապարտվել է 17 տարի 6 ամսվա ազատազրկման։

Լրագրողներին ամենահաճախ առաջադրված մեղադրանքների 1-ին հորիզոնականում «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքներն են: Դրանց հաջորդում են «պետական պաշտոնյային վիրավորելու» և «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքները:

Լրագրության դեմ իրականացվող խիստ գրաքննական քաղաքականություններից տուժել են նաև միջազգային լրատվական գործակալությունների թուրքական ծառայությունները: Դրանցից Deutsche Welle-ի ու «Ամերիկայի ձայնի» (VOA) կայքերի հասանելիությունն ուղղակի արգելափակվել է՝ լիցենզիայի կանոնները խախտելու պատրվակով:

Loading...