12:01   17-08-2022
Image Description
Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղադրվում է գիշերային լուսավորության նոր համակարգ
Թողնել մեկնաբանություն

Գյումրիի քաղաքային մարզադաշտը կունենա գիշերային լուսավորության համակարգ, այն ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պարտադիր չափորոշիչներից մեկն է։ Ստանդարտներին համապատասխան լուսավորության համակարգի կառուցումից հետո քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:

Մասնագիտությամբ ինժեներ Գարիկը մինչև 80 մ բարձրության աշտարակների վրա լուսավորության համար նախատեսված սարքավորումներ ու մալուխներ է տեղադրել: Աշխատանքին երբեմն խանգարում է ուժեղ քամին, բայց վերևում ամեն ինչ հաղթահարելի է:

«Ամենակարևորն անվտանգության համակարգն է, որը պետք է ճիշտ հագնես, ամեն ինչ ստուգես ու նոր բարձրանաս։ Լուսարձակներից յուրաքանչյուրը կշռում է 15 կգ, քամիներն էլ են մի քիչ խանգարում մեր աշխատանքին, օգնում ենք իրար, քաշում ենք վերև ու տեղադրում ենք, փորձում ենք ամեն կերպ բարձրությունները հաղթահարել»,- իր աշխատանքի դժվարություն մասին է պատմում ինժեներ Գարիկ Աղաջանյանը։

Յուրաքանչյուր կայմի վրա տեղադրվում են 40 լուսարձակներ: Գիշերային լուսավորություն ապահովելու համար դրանք տեղադրվում են տարբեր բարձրության ու  բացվածքի աստիճանի:

«Ամբողջությամբ ինժեներական հաշվարկի է ենթարկվել մարզադաշտը ՝ քամու ազդեցություն, ճոճքի հարաբերականություն և ծանրություն, կրողականություն։ Հաշվարկներն արվում է նախ կայմերի  հեռավորությունը դաշտից լուսավորություն ապահովելու համար, հետագայում հաշվարկը կատարվում է  բարձրության վրա։ Գյումրիի մարզադաշտում այդ հաշվարկների հիման վրա որոշվեց տեղադրել 33 մետր բարձրության աշտարակներ»,- ասում է տեղակայող  ինժեներ Գեղամ Միրոյանը։

Գյումրիի քաղաքային մարզադաշտը կառուցվել է 1924 թվականին, բայց գիշերային լուսավորության համակարգ չի ունեցել: Մարզադաշտում բոլոր ֆուտբոլային հանդիպումներն ու մարզական միջոցառումներն անցկացվել են միայն ցերեկային ժամերին՝ բնական լուսավորության պայմաններում: Մարզադաշտը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բոլոր ստանդարտներին, բարձրակարգ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար միայն բացակայում էր գիշերային լուսավորությունը:

Գյումրիի քաղաքային մարզադաշտում 2019 թվականին անցկացվել է մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի խաղերը, իսկ երկու տարի առաջ «Արարատն» անցկացրել է Եվրոլիգայի հանդիպումները: Մարզադաշտն ունի 4 հազարից ավելի նստատեղ, որը սակայն միջազգային կարգի հանդիպումների համար բավարար չէ: Նախատեսվում է  ավելացնել ֆուտբոլասերների համար նախատեսված տարածքն ու վերականգնել նախկինում ունեցած հյուսիսային տրիբունան:

«Գյումրիի համայնքապետարանը մարզադաշտի հարակից տարածքը, որը ժամանակին եղել է մեր հյուսիսային տրիբունան, տրամադրել է «Շիրակ»  ֆուտբոլային ակումբին։ Երկրաշարժից հետո այդտեղ դարձել է բնակելի թաղամաս, տեղադրվել են տնակներ։ Հուսով եմ, երբ կկարողանանք լուծել այդ հարցերը, տարածքը կօգտագործենք ըստ անհրաժեշտության և միգուցե այդտեղ նորից կտեսնենք  մեր հյուսիսային տրիբունան կառուցված»,- ասում է Գյումրիի քաղաքային մարզադաշտի  պատասխանատու Աշոտ Մկոյանը։

Առաջնահերթորեն հիմա լուսավորության համակարգն է կառուցվում, որի աշատանքները կավարտվեն մի քանի օրից։ Իսկ օգոստոսի 20-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, որը համալրվել է նոր լեգիոներներով, առաջին անգամ  իր տնային հանդիպումը կանցկացնի երեկոյան:

Loading...