19:43   18-08-2022
Image Description
ԵՄ երկրները հուլիսին առաջին անգամ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու խոստումներ չեն տվել․ Politico
Թողնել մեկնաբանություն

Եվրոպան սկսել է նվազեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ նշելով, որ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հուլիսին եվրոպական 6 խոշոր երկիր Կիևին որևէ նոր ռազմական պարտավորություն չի առաջարկել։

Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Լեհաստանից զենքի մատակարարումների վերաբերյալ նոր տվյալները վկայում են եվրոպական երկրների օգնության կրճատման մասին։ Դա հաստատում են նաև ուկրաինացի պաշտոնյաների բազմաթիվ մեկնաբանություններն այդ թեմայով։

Ուկրաինային զենքի մատակարարումներին հետևող խմբի ղեկավար Քրիստոֆ Տրեբեշը նշել է, որ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու հետ կապված եվրոպական պարտավորությունները սկսել են նվազել ապրիլի վերջից։

Պարբերականը նշում է, որ արևմտյան դաշնակիցները հանդիպել են անցյալ շաբաթ՝ Կոպենհագենում, որպեսզի գումար հավաքագրեն ուկրաինական բանակն ուժեղացնելու նպատակով և խոստացել են տրամադրել 1,5 միլիարդ եվրո: Բայց Տրեբեշը, ով հայտնել է, որ իր թիմը դեռևս վերլուծում է թվերը, զգուշացրել է, որ այդ թիվը «չնչին է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ հավաքվել էր նախորդ համաժողովներում»:

Տրեբեշը մատնանշել է ԵՄ-ի համավարակից վերականգնման հիմնադրամը, որը կազմում է 800 միլիարդ եվրո՝ վարկերով և դրամաշնորհներով։ Մինչև այժմ Ուկրաինային տրամադրված ընդհանուր եվրոպական օգնությունը դրա չնչին մասն է կազմում։

Loading...