Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում:
Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում։ 1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։
Դերեր է կերտել«Վառած լապտեր», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Ծովահենների կայսրությունը», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Մի վախեցիր»,
«Ընդհատված մանկություն», «Պարացելիուսի վարդը», «Ելք չկա», «Փեսացուն կրկեսից» , «Սուպեր մամա» , «Երկրաշարժ» ֆիլմերում:
2017թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: