10:06   22-09-2022
Image Description
Բայդենը ծրագրում է մոտ 3 միլիարդ դոլար ուղղել համաշխարհային պարենային անվտանգությանը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Վաշինգտոնը հավելյալ 2,9 մլրդ դոլար կհատկացնի աշխարհում պարենային անվտանգության խնդիրների լուծման համար։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։

Սպասվում է, որ Բայդենը հայտարարություն կանի չորեքշաբթի ավելի ուշ։

«Այն կփրկի մեծ թվով մարդկանց՝ արտակարգ միջոցառումների և պարենային անվտանգության միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ներդրումների միջոցով՝ պաշտպանելու աշխարհի ամենախոցելի բնակչությանը սրվող ճգնաժամից»,- ասվում է ուղերձի մեջ:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է մոտ 2 միլիարդ դոլար ուղարկել այն երկրներին, որոնք ամենաշատն են տուժել համաճարակից և Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։

Ավելի քան 200 մլն դոլար նախատեսվում է հատկացնել Աֆրիկայի և Արևելյան Ասիայի երեխաների դպրոցական սննդի ծրագրերին։ Նաև 200 միլիոն դոլար կուղղվի կլիմայի պաշտպանության ծրագրերի խթանմանը։

Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ը հայտարարեց, որ պարենային ճգնաժամը չի կարող լուծվել առանց ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի համաշխարհային շուկա վերադարձի։

Loading...