15:11   22-09-2022
Image Description
Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար:

«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝ կլիմայի փոփոխությանը, պարենային ճգնաժամին, մարդու իրավունքների խախտումներին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր անդամների թվի ավելացման օգտին։

«Այն երկրները, որոնց մենք երկար ժամանակ աջակցել ենք, պետք է մշտական անդամակցություն ստանան»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Բայդենն անդրադարձել է նաև Պեկին-Վաշինգտոն հարաբերություններին, հավատացրել՝ ամերիկյան իշխանությունները Չինաստանի հետ հակամարտություն կամ «սառը պատերազմ» չեն ցանկանում, սակայն շարունակելու են անվտանգ և բարգավաճ աշխարհի ձևավորման քաղաքականությունը:

«ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և դեմ է Թայվանի նեղուցում ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներից՝ Բայդենն ընդգծել է՝ Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սակայն Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։

Ելույթի ավարտին Ջո Բայդենը կոչ է արել գործակցել և բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Loading...