18:12   22-09-2022
Image Description
ՀՀ ՄԻՊ-ը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ադրբեջանական հարձակումներից տուժած անձանց օգնելու հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, դեսպանը հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար։

Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցում և զեկույցի փակ հատվածում տեղ գտած փաստերը՝ ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասներ, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքներ։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին:

Պաշտպանի խոսքով՝ զեկույցի հրապարակումից հետո փաստահավաք աշխատանքները շարունակվում են: ՄԻՊ-ի թիմերը սեպտեմբերի 17-ին այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում:

«Մեզ համար առաջին հերթին կարևոր է հանդիպել և զրուցել ադրբեջանական հարձակումից տուժած անձանց հետ»,- հանդիպման ընթացքում նշել է Պաշտպանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ-ին փաստերի հավաքագրման և ավելի վաղ ուղարկված զեկույցների համար։ Դեսպանը նշել է. «Շատ կարևոր է ունենալ փաստարկված տվյալներ, որ կարողանաք ասել՝ այո, սա փաստ է, սա ճշտված է»,- նշել է դեսպան Անդրեա Վիկտորինին:

Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և իր շնորհակալությունն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:

Հանդիպման ավարտին քննարկել են՝ ինչպես կարող են համագործակցության արդյունքում օգնել ադրբեջանական հարձակումներից տուժած անձանց:

Loading...